Եթե խոսելու ենք առաջիկա քաղաքական զարգացումների մասին, ցավալի կանխատեսումն այն է, որ լռեցնելու են մեր երկրի ներքին խնդիրների եւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում հնչող խոսքը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, «Սասնա ծռերի» այս ապստամբության ընթացքում եւ դրանից հետո բոլոր տեսակի արձագանքները, այդ թվում նախագահի հանդիպումը, ցույց են տալիս, որ հենց ապստամբության շարժառիթները, հասարակության համակրանքի գործողությունները, բացարձակ շրջանցված են, դրանց վերաբերյալ արձագանք չկա:
«Կեսբերան ասել «երկրում խնդիրներ կան», բավարար չէ: Արտագաղթը, իրավունքի ինստիտուտի չգոյության խնդիրը շրջանցված են: Վերջին օրերին ցուցարարներին ներկայացվող մեղադրանքները փաստում են, որ իշխանություններն այս պահին հասարակության ակտիվ մասին պատրաստվում են պատանդ դարձնել մինչեւ առաջիկա ընտրությունները: Մի կողմից ընտրությունների նախաշեմին քաղաքացիական ակտիվությունը կնվազի, մյուս կողմից, ընտրություններին մարդիկ կգնան ահաբեկված, կգնան, կամ չեն գնա.,-ասաց նա:
Հրանուշ Խառատյանի խոսքով, այս ապստամբությունից իշխանության առած քաղաքական, սոցիալական, հասարակական դասը չկա, գոյություն չունի, շարունակվելու է նույն իրականությունը:





























