Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանում կարող է դժգոհոթյան նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ: Այս մասին օգոստոսի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Իհարկե, նրա խոսքով, ժողովրդի սոցիալական խնդիրներն ու թանկացումներն են հանգեցրել «Սասնա ծռեր» խմբի ապստամբությանը: «Եթե մեր իշխանությունները ուզում են բացառել նմանատիպ իրավիճակի կրկնությունը, ճիշտ կլինի ճկուն մոտեցում դրսեւորել սակագների հարցում»,- ասել է Չիլինգարյանը:

Նա հիշեցրել է, որ Կառավարության հուլիսի 29-ի որոշումով էլեկտրաէներգիայի սուբսիդիաները հատկացվելու են միայն անապահով ընտանիքներին՝ թվով մոտավորապես 112 հազար: «Սա սխալ մոտեցում է, քանի որ շատ ընտանիքներ, որտեղ ոչ ոք չի աշխատում, բայց որոնք որոշակի գումարներ են ստանում, վատ չեն ապրում: Նրանք չեն կարող համարվել անապահով ընտանիք: Միաժամանակ կան ընտանիքներ, որոնք աշխատում են, բայց աննշան եկամուտ ունեն, բայց անապահով ընտանիք չեն համարվում»,- հավելել է Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին սպառվել է էլեկտրաէներգիայի սուբսիդիաների ժամկետը, որոնք տրամադրվում էին բոլոր տնային տնտեսություններին, որոնք ամսական մինչեւ 250 կՎՏ/ժ էլեկտրաէներգիա էին սպառում: