ԼՂ բանակցություններն ընթանում են, թեեւ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները վիժեցնելու ուղղությամբ:
Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ են որեւէ փոփոխություն Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն ինչ շատ հստակ է: Կա երկու հարթություն, մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիենայում, դրանից հետո Սանկտ Պետերբուրգում: Այսինքն` խոսքը վստահության մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»:
«Սասնա ծռերի» գործողություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ բանակցությունների վրա, այս հարցին էլ Քոչարյանն, ըստ էության, չժխտեց, որ «Սասնա ծռերի» գործողություններն ինչ-որ կերպ ազդեցություն են ունենալու Ղարաբաղյան հարցում, նշելով. «Պահանջներից մեկը, որը նրանք բարձրացրել էին, նաեւ կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ, դա կա: Թե ինչպես դա կազդի, դժվարանում եմ ասել»: Ճշտող հարցին, թե ազդե՞լ է ինչ-որ կերպ, նա նորից կրկնեց. «Դժվարանում եմ ասել»:
Արդյոք հայկական կողմը ճնշումների ենթարկվո՞ւմ է Ռուսաստանի կամ այլ պետության կողմից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան: Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց դա ճնշում չէ, միջնորդություն է»:





























