Դատարանում կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց  փաստաբան Արա Զաքարյանը։

Հարցին՝ դատարանում Վարուժան Ավետիսյանը որեւէ կոչով հանդես եկե՞լ է, Արա Զաքարյանը պատասխանեց․ «Դատարանում սանկցիայի ժամանակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Այլ բան, ըստ էության,  դռնփակ դատական նիստում ասելու իմաստ էլ չկար»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությանը, Զաքարյանն ասաց , որ նոր ձեւավորված փաստաբանների խումբը որոշել է առաջնորդվել բոլորին պաշտպանելու սկզբունքով։ 

«Մենք որոշել ենք բոլորին պաշտպանել, այս սկզբունքով ենք շարժվելու։ Եթե չեմ սխալվում մի քանի հոգու ազգականների հետ դեռ կապ չկա, րոպե առ րոպե իրավիճակ է փոխվում, այդ պատճառով առայժմ ստույգ տեղեկություն չեմ կարող ասել, բայց այո, ցանկալի կլիներ, որ փաստաբանական խմբով բոլորին պաշտպանեինք»։

Փաստաբանը նշեց, որ դեռ լիովին տեղեկություն չունի՝ «Սասնա ծռեր» խմբից քանի հոգու մեղադրանք չի առաջադրվել։ Փաստաբանների խումբը դեռ չի ամփոփվել քննարկվող հարցերը։

Հիշեցնենք, որ ձեւավորվել է փաստաբանների խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը:

Խմբի կազմում են հայտնի փաստաբաններ Արա Զաքարյանը,  Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի` դեռեւս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով: