Հայաստանի բոլոր ոստիկանապետերը եղել են ու մնում են գործիքներ իշխանությունների ձեռքին: Այս մասին օգոստոսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով անհրաժեշտ է իրական փոփոխություններ կատարել տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության մեջ: «Ամեն անգամ Ոստիկանությանն են հանում հասարակության դեմ, ու ամեն անգամ Ոստիկանությունը պետք է պատասխան տա բոլոր չկատարված գործերի համար: Իսկ Ոստիկանությունը տեսնում է այդ պատասխանը «մահակներում», դրա համար էլ այն ինչ մենք տեսանք, երբ քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծում էին ցուցարարներին, բացասաբար է ադրադառնալու ոչ միայն մեր երկրի իմիջի, այլեւ հասարակության կողմից իշխանության ընկալման վրա՝ ընդհանրապես ու Ոստիկանության ընկալման վրա՝ մասնավորապես»,- նկատել է Ալավերդյանը:





























