Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին կալանավորել են անհիմն` հիմք ընդունելով ոստիկանների ցուցմունքներն ու ոստիկանության ներկայացրած տեսանյութը: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

«Դավիթ Սանասարյանին առաջին անգամ հուլիսի 18-ին էին բերման ենթարկել, ճանապարհին էլ դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ հուլիսի 27-ին, իսկ հուլիսի 29-ին ձերբակալում են` իբր հուլիսի 27-ին հավաք է կազմակերպել, սակայն, մոռացել են, որ այդ օրը Դավիթը  բերման է ենթարկվել, դա զավեշտ է: Երեւի իրենք էլ չեն հիշել` երբ են բերման ենթարկել: Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով նրանց ձերբակալել են, իբր տղաները ցուցարարներին կոչեր են արել հավաքել քարեր, գնալ, միանալ «Սասնա ծռերին», մի խոսքով, այնպիսի հեքիաթներ են հորինում, որոնք շատ հեռու են իրավաբանությունից: Մենք գործ չունենք իրավաբանության հետ, սա զավեշտ է: Երբ ոստիկանին մի մատով կպնում են, երկու րոպեում գտնում, բերում են, սակայն, այսքան քաղաքացիներ, լրագրողներ ծեծվեցին, բայց անգամ մի ոստիկան չի ձերբակալվել կամ կալանավորվել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։