Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունն արմատականորեն տրամադրված դառնա: Այդ մասին օգոստոսի 5-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունքի հասան Հայաստանի Ոստիկանության ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները, Ալավերդյանը նշել է, որ իշխանության գործունեությունը ցույց է տալիս. խաղաղ ցույցերը եւ պայքարի միջոցները ոչ մի արդյունք չտվեցին: «Այդ պատճառով կարծում եմ, որ տեղի է ունենում հասարակության արմատականացում եւ ոստիկանության պատասխանը դրան: Երեկ եւս ձերբակալություններ են եղել: Ինչի՞ համար: Այո, եթե այսպես շարունակվի, անպայման կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կփորձեն դիմել օրենքով արգելված, բայց պատմության մեջ հաճախ օգտագործվող մեթոդների», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: Լարվածության հանգուցալուծումը կամ լարվածության բացառումը, առաջին ՄԻՊ-ի կարծիքով, իշխանությունների ձեռքում է: Վերջին իրադարձությունները, հավելել է իրավապաշտպանը, ցույց տվեցին, որ իշխանությունը չի ցանկանում եւ պատրաստ չէ հասարակության հետ երկխոսության գնալ:





























