Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 5-ին, նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:
Հիշեցնենք, որ երկու ամսով կալանավորվել են Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:
Հետեւելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ «Բարեւ Երեւանը» համոզմունք է հայտնում, որ Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է: Նրանք երեւանցիների կողմից ընտրված անձինք են, եւ նրանց կալանավորմամբ խոչընդոտվել է քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացումը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երեւույթ է:





























