ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել կապված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագիկ Զոհրաբյանի կողմից Սարի թաղում քաղաքացիական հագուստով կատարած գործողություններին:

Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.

«Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին եւ իբր բռնություններ կատարել:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:

Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաեւ Գ. Զոհրաբյանի նկատմամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որեւէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսեւորած խուլիգանական վարքագծի հետ:

Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ նշելով, որ Սարի թաղում բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանցից մեկի կողմից ինքը Facebook սոցիալական կայքում սպառնալիքներ է ստացել։