Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդեվեդեւի հրաժարականի պահանջով  միջնորդագիրը Change.org կայքում օգոստոսի 6-ին հավաքել է 200 հազարից ավելի ստորագրություն:

Ընդամենը մեկ օրում՝ օգոստոսի 4-ի երեկոյան միջնորդագիրը հավաքել էր 100 հազարից ավելի ստորագրություն, օգոստոսի 5-ի առավոտյան այն ստորագրել էր 150 հազար մարդ:

Օգոստոսի 3-ին «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը Մեդվեդեւն ուսուցիչներին առաջարկել էր հանուն ավելի մեծ եկամուտների մասնագիտությունը փոխել՝ մտնելով, օրինակ, բիզնեսի ոլորտ, հիշեցնում է Gazeta-ն:

Ընթացիկ տարվա ընթացքում վարչապետն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս ոչ միանշանակ հայտարարություններով: Ղրիմ կատարած այցելության ժամանակ տարածաշրջանի բնակիչները վարչապետին բողոքել էին կենսաթոշակների առնչությամբ: Մեդեվեդեւը խոստովանել էր, որ կենսաթոշակային խնդիրներ կան ամբողջ երկրում եւ կարճ էր պատասխանել. «Փող չկա»: