Այն հարցը, թե արդյոք Եվրոպական Միությունը պետք է փախստականների առաջ փակի դարպասները, պառակտել է Գերմանիան: Երկրի բնակիչների 44 տոկոսը կարծում է, որ ժամանակն է, որ Եվրամիությունը դադարի միգրանտներ ընդունել: Գերմանացիների 45 տոկոսը հակառակ կարծիքն ունի: 11 տոկոսն այդ հարցի վերաբերյալ որոշակի կարծիք չունի: Այդպիսին են Ipsos-MORI ընկերության իրականացրած հարցման արդյունքները, հայտնում է DW-ն:
Այդ հարցի վերաբերյալ Եվրամիության այլ մեծ երկրների բնակիչների կարծիքները մոտավորապես այնպես են բաշխվել, ինչպես Գերմանիայում: ԵՄ-ի սահմանների փակման օգտին հանդես է գալիս շվեդների 44 տոկոսը, լեհերի 40 տոկոսը, ֆրանսիացիների 45 տոկոսը եւ իտալացիների 48 տոկոսը: Միաժամանակ Հունգարիայում եւ Թուրքիայում այդ հարցին դրական է պատասխանել հարցման անհամեմատ ավելի շատ մասնակից (55 եւ 64 տոկոսը համապատասխանաբար), իսկ Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ-ն պարտավոր է հետագայում էլ փախստականների ընդունել (50 եւ 61 տոկոսը համապատասխանաբար):
Չնայած Գերմանիայի բնակիչները մեծ մասամբ հավանություն չեն տալիս սահմանները փակելու գաղափարին, նրանց ճնշող մեծամասնությունը (71 տոկոս) կարծում է, որ ԵՄ-ում իրոք ապաստան փնտրողների շարքերում Եվրամիության տարածք են ներթափանցում նաեւ ահաբեկիչներ: Միաժամանակ հարցումն անցկացվել է Նիսի, Վյուրցբուրգի եւ Անսբախի ահաբեկչական գործողություններից առաջ:
Փախստականների տեսքով երկիր ներթափանցած ահաբեկիչներից ամենաշատը վախենում են թուրքերը` 81 տոկոս: Ռուսաստանի եւ Հունգարիայի բնակիչների մեծ մասը եւս վախենում է ահաբեկիչներից (77 եւ 72 տոկոս համապատասխանաբար): Այդ հարցի վերաբերյալ ամենափոքր մտավախությունն են հայտնում Իսպանիայի բնակիչները ընդամենը ամեն վեցերորդ հարցվածն է (16 տոկոս) պատասխանել, որ վախենում է ահաբեկիչների երկիր ներթափանցումից:
Հունիսի 24-ից հուլիսի 8-ը անցկացված հարցմանը 16-ից 64 տարեկան 16 040 մարդ է մասնակցել:





























