Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նախաձեռնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում:
Արտաքին քաղաքականության գերատեսչությանը նաեւ հանձնարարվել է կազմակերպել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության հետ հեռախոսային բանակցություններ՝ եռակողմ «նորմանդական ձեւաչափով» եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդընի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցելու վերաբերյալ հարցում ուղարկել, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
ԱԳ նախարար Պավել Կլիմկինին կարգադրվել է ՄԱԿ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարին հանձնարարել խորհրդակցություններ անցկացնել կազմակերպության Անվտանգության խորհրդում եւ մանրամասն տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին:
«Հարկավոր է դիմել ԵԱՀԿ մոնիտորիգային հատուկ առաքելությանը Ղրիմի վարչական սահմանի շրջանում ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը ուժեղացնելու համար, եւ ռուսական կողմից, օկուպացիոն զորքերից պահանջել ԵՀԿ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տալ մուտք ունենալ Ղրիմում գտնվող օբյեկտներին»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պետության ղեկավարը հանձնարարել է Ղրիմի եւ Դոնբասի սահմաններին տեղակայված բոլոր ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստվածության: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի հարավում օգոստոսի 10-ին սկսվել են պլանավորված զորավարժություններ:
Այս իրադարձություններին նախորդել է Ղրիմում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից «դիվերսանտների խմբի» ձերբակալությունը: Ինչպես պնդում են հատուկ ծառայությունները, նրանք թերակղզում ահաբեկչական գործողություններ էին պատրաստել: Ձերբակալելիս զոհվել է ՌԴ իրավապահ մարմինների երկու աշխատակից:
Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիեւն անցել է «ահաբեկչության» պրակտիկային: Նրա խոսքով՝ հիմա «նորմանդական ձեւաչափով» բանակցությունները կորցրել են իմաստը: Նա նաեւ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին կոչ է արել դրա վրա ուշադրություն դարձնել:
Պորոշենկոն մեղադրանքին պատասխանել է՝ հայտարարելով, որ «այդ ֆանտազիաները սոսկ առիթ են Ուկրաինայի հասցեին հերթական ռազմական սպառնալիքների համար»: Կիեւում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը սուտ է անվանել Ղրիմում ուկրաինացի դիվերսանտների գործողությունների մասին ՌԴ իշխանությունների պնդումները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դա հաստատող տեղեկություններ չունի:





























