Դեռեւս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայմայերը:
«Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Մեր ջանքերի նպատակը պատժամիջոցների պահպանումը չէ, այլ ուկրաինական հակամարտության կարգավորումը: Հետեւաբար մենք գիտակցաբար ենք դրանք կապել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման առաջընթացի հետ: Եթե կայուն առաջընթաց լինի, ապա կարող ենք մտածել նաեւ պատժամիջոցներին վերաբերող փոփոխությունների մասին: Ցավոք, մենք դրան դեռեւս չենք հասել, բայց դրան շատ ժամանակ ենք հատկացնում»,- Stuttgarter Nachrichten թերթի հետ զրույցում հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ ներկայումս Բեռլինը կենտրոնանում է այն բանի վրա, ինչն արտահերթ անհրաժեշտ է, հատկապես Դոնբասում անվտանգության վիճակի բարելավման եւ զինադադարի ռեժիմի պահպանման վրա:





























