Ցանցահենները, որոնք կանգնած են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) էլեկտրոնային նամակագրության գողության հետեւում, դրանից առաջ կարող էին մուտք ստացած լինել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարի էլեկտրոնային փոստին եւ միլիարդատեր Ջորջ Սորոսի համակարգիչներին, հայտնել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով, վերոհիշյալ ցանցահենները հնարավորություն են ունեցել կարդալու ամերիկացի գեներալ Բրիդլավի նամակագրությունը, որը 2013-ի մայիսից մինչեւ 2016-ի մայիսը զբաղեցրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Մասնավորապես, նրանց հաջողվել է իմանալ Եվրոպայում անվտանգության ապահովման մոտեցումների վերաբերյալ զինված ուժերի հրամանատարի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջեւ տարաձայնությունների մասին:
Ցանցահենների հավաքած տեղեկությունները հրապարակվել են DCLeaks.com կայքում: Դրանում, ի թիվս այլ բաների, տեղադրվել են նախկինում Բաց Հասարակության Հիմնադրամի (Open Society Foundation) ներքին ցանցերում պահվող տեղեկությունները: Էջում տեղեկություն է ներկայացվում կազմակերպության` Եվրոպայում ռուսաստանյան ազդեցությունը սահմանափակելու փորձերի մասին:
Bloomberg-ը պնդում է, որ փորձագետների կարծիքով, խոսքը հենց այն ցանցահենների մասին է, որոնք ավելի վաղ հարձակվել էին ԴԿԱԿ-ի համակարգերի վրա եւ իբր կապ ունեն Ռուսաստանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























