ԵվրԱզԷՍ-ի մաքսային օրենսգրքի վերաբերյալ մեկ հարց է մնացել համաձայնեցնելու, այն կլուծվի առաջիկա ժամանակներս, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 

Ամփոփելով այսօր ընթացած Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքները` Մեդվեդեւն ասել է. «Շատ դրական եմ գնահատում, որովհետեւ նման հանդիպումները հնարավորություն են տալիս պայմանավորվել բարդ հարցերի վերաբերյալ»:

Նա հիշեցրել է, որ նիստի բաց մասում ասել է, որ բոլորի համար ինչ-որ իմաստով անսպասելի էր, որ հաջողվեց գործնականում պայմանավորվել Մաքսային օրենսգրքի շուրջ: 

«Իսկ դա ամենաբարդ փաստաթուղթն է, որը կազմված է բազմաթիվ նրբերանգներից, որը, ըստ էության, լցնում է մեր բյուջեն: Այդ պատճառով բոլորն իրենց փաստարկներն ունեն, իրենց պատկերացումները: Բայց նույնիսկ այս հարցի վերաբերյալ գրեթե ոչինչ չի մնացել, ընդամենը մեկ չհամաձայնեցված հարց է մնացել, որը եւս, հույս ունեմ, մոտ ժամանակներս կհամաձայնեցվի: Ես այն բարդ չեմ համարում», — հայտնել է ՌԴ-ի վարչապետը:

Նրա խոսքով, քննարկվել է նաեւ ԵվրԱզԷՍ-ի երկրների տնտեսությունների տարածքում ապրանքների հետեւելիության, դեղագործական շուկայի հարցը: «Այդ ամենն առանց բանավեճերի չի ընթացել, բայց` շատ կառուցողական հունով: Իսկ այդ որոշումներից իրոք շատ բան է կախված ԵվրԱզԷՍ-ի մեջ մտնող հինգ պետությունների տնտեսական եւ սոցիալական ոլորտներում», — ամփոփել է Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: