ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հաստատել է ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության տարածաշրջանային միավորի` «Իսլամական պետություն Խորասանում»-ի (ներառում է Իրանը, Կենտրոնական Ասիան, Պակիստանը եւ Աֆղանստանը) պարագլուխ Հաֆիզ Սայեդ Խանի մահը: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Գորդոն Տրոուբրիջը: 

«Խանը վերացվել է հուլիսի 26-ին ամերիկյան զորքի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում» - ասված է տարածված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Պենտագոնից ընդգծել են, որ Խանը հայտնի էր «ԱՄՆ-ի, ինչպես նաեւ կոալիցիոն ուժերի զինվորականների վրա հարձակումներին անմիջական մասնակցությամբ»: Նա ահաբեկչական գործողություններ էր կազմակերպել աֆղանական բնակչության նկատմամբ, հատկապես` Նանգարհար նահանգում:  «Խանի մահը կազդի խմբավորման` նորելուկներ հավաքագրելու ջանքերի վրա եւ կհանգեցնի Աֆղանստանում եւ ամբողջ տարածաշրջանում նրա գործողությունների խափանմանը», - եզրակացրել են գերատեսչությունից:

Ավելի վաղ պարագլխի ոչնչացման մասին էր հայտնել Պակիստանում Աֆղանստանի դեսպան Օմար Զակհիլվալը: