Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքում է, այսպես կոչված, ղրիմյան ահաբեկչություններին Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցության մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«ՌԴ հատուկ ծառայությունների առանձին հայտարարությունների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հետախուզության գլխավոր վարչության կազմում երբեք 56-րդ բրիգադի 37-րդ գումարտակ չի եղել: Անձինք, որոնց մասին խոսք է գնում հաղորդագրություններում, Ուկրաինայի ՊՆ ՀԳՎ աշխատակիցներ չեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայտնի է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից օգոստոսի 7-ի գիշերը Արմյանսկ քաղաքի մոտ ձերբակալված դիվերսիոն խմբի կազմը: Ըստ այդմ՝ կազմակերպիչն է իբր եղել Ուկրաինայի ՊՆ 56-րդ բրիգադի 37-րդ գումարտակի հետախուզության պետ Վլադիմիր Սերդյուկը: Նրանից բացի, խմբի կազմում են եղել 37-րդ գումարտակի հետախուզական վաշտի հրամանատար, լեյտենանտ Ալեքսեյ Սանդուլը, ՀԳՎ սպա, կանչի «Լիս» անունով Օլեգ Դմիտրենկոն, հետախույզներ Ալեքսանդր Կիրիլովը եւ Օլեգ Մոսկվիտինը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, Հետախուզության գլխավոր վարչությունը եւ Պետական անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հերքել են ուկրաինացի դիվերսանտների մասին տեղեկությունները: ՊՆ-ում նույնքան անհիմն են համարել ռուսական կողմի մեղադրանքները երկրի ցամաքային հատվածից թերակղզին գնդակոծելու մասին:
Դրանից բացի, ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ Ղրիիմում ահաբեկչությունների նախապատրաստմանն իբր օժանդակելու համար ձերբակալվել է Անդրեյ Զախտեյը: Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի տեղեկություններով՝ Զախտեյը երկու անգամ դատապարտվել է, «նա հակաուկրաինական տրամադրություններով եւ երկու անգամ դատված կրկնահանցագործ է՝ «Զայա» մականունով»:





























