Վենեսուելայում տնտեսական ծանր ճգնաժամը հանգեցրել է մալարիայի համաճարակի վերսկսման, գրում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ բարդ իրավիճակի հետեւանքով Վենեսուելայի առնվազն 70 հազար բնակիչ ստիպված է եղել ուղեւորվել լեռնաարդյունաբերական շրջաններ` ոսկի փնտրելու: Դրա արդյունահանումը տեղի է ունենում խոնավ վայրում, որը ծայրաստիճան բարենպաստ միջավայր է մալարիայի փոխանցիչ մոծակների համար:
Պարբերականի տվյալներով, 2016-ի առաջին կեսին մալարիայով հիվանդացման դեպքերն աճել են 72 տոկոսով եւ կազմել են 125 հազար: Միաժամանակ կառավարությունը երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ զեկույցներ չի հրապարակում:
Բացի այդ, թերթը հաղորդում է, որ Վենեսուելայում հիվանդության կանխարգելման եւ բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների սուր պակաս է զգացվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլումբիայի հետ սահմանի բացումից հետո Վենեսուելայի բնակիչները մեկնել են հարեւան երկիր մթերք եւ անհրաժեշտ ապրանքներ գնելու:
Վենեսուելան տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում եւ շատ անհրաժեշտ ապրանքների պակաս ունի:





























