«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության դեպքը եւ աջակցություն հայտնում նրա ընտանիքին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԿ-ի իրավաբան Սաթիկ Գեւորգյանը։
Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ին Մասիսում ամուսնու եւ սկեսուրի ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանը ենթարկվել է բացահայտ ընտանեկան բռնության։
«Սա ընտանեկան բռնության դասական դեպք է»,- ասաց ՀԿ-ի իրավաբան Սաթենիկ Գեւորգյանը՝ ավելացնելով, որ իրենց կազմակերպության նպատակն ընտանեկան բռնությունները կանխարգելելն է, կանանց եւ երեխաների՝ ընտանեկան բռնություններից զերծ մնալու իրավունքը պաշտպանելը։ «Այդ նպատակով «Կանանց իրավունքերի կենտրոն»-ը մշակել եւ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանն է ներկայացրել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը։ Մեծ հույսեր ունենք, որ Ազգային ժողովում օրինագծի ներկայացումից հետո, ընտանեկան բռնությունների դեպքերը զգալիորեն կնվազեն։ Այս խնդրի շուրջ պետական հոգածություն չկա, եւ իրավական համապատասխան ակտի բացակայությունը թույլ է տալիս, որ նման դեպքերն ավելանան»,- ասաց Սաթենիկ Գեւորգյանը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությանը՝ նա տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի տվյալներով 2009 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2010-ի սեպտեմբերի 1-ը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է ընտանեկան բռնության շուրջ 720 դեպք։
«Դրանցից 352-ը տեղի են ունեցել մարզերում, 368-ը՝ Երեւանում։ Ընդ որում, ընտանեկան բռնությունների դեպքերը տարեցտարի ավելանում են»,- փաստեց իրավաբանը։ Նա թեպետ դժվարացավ նշել, թե Հայաստանի հատկապես ո՞ր մարզերում են գրանցվում ընտանեկան բռնությունների ամենամեծ թվով դեպքերը, սակայն միանշանակորեն պնդեց, որ անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք ամենաքիչը տեղի են ունենում Սյունիքի մարզում։ «Մարզերում ընտանեկան բռնությունները մի փոքր այլ բնույթ ունեն, քան Երեւանում։ Ճիշտ է, միանշանակորեն չի կարելի ասել, որ Երեւանում ծեծի եւ խոշտանգման դեպքեր չկան, սակայն եթե մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում ընտանեկան դավաճանությունների, ամուսնու՝ կնոջ հանդեպ անտարբեր եւ սառը վերաբերմունքի եւ նմանատիպ թեթեւ բնույթի այլ խնդիրները, ապա նույնը չի կարելի ասել մարզերի մասին։ Շրջաններում բռնություններն առավելապես ծեծի եւ խոշտանգումների տեսքով են։ Օրինակ, մարզերից մեկից (անունը չեմ ուզում նշել) վերջերս մի դեպք ունեինք։ Ամուսինը, որպես իրենից բաժանվել ցանկացող կնոջը պատժելու եւ նրա վրա ազդելու միջոց, մոտ մեկ ամիս սոված էր պահել իրենց երեխաներին»,- պատմեց «Կանանց իրավունքերի կենտրոնի» իրավաբանը։
Հարցին, թե իրենց դիմած կանանց թվում չե՞ն եղել, արդյոք, այնպիսիք, ովքեր փորձել են պաշտպանվել եւ իրենց հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառած ամուսինների «հախից գալ», Սաթիկ Գեւորգյանը նկատեց. «Մի երկու ամիս առաջ մեզ դիմեց մի կին, ով, ամուսնացած լինելով արդեն 18 տարի, ամուսնու կողմից պարբերաբար դաժան ծեծի էր ենթարկվում։ Հերթական ծեծի ժամանակ կինը որոշել էր պաշտպանվել եւ դանակով հարվածել էր ամուսնուն՝ նրան մարմնական վնասվածք պատճառելով։ Կնոջ հանդեպ քրեական գործ էր հարուցվել, սակայն նախաքննության փուլում գործը փակվել էր, իսկ կինը՝ արդարացվել»,- պատմեց իրավաբանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքնապաշտպանություն դիմող կանանց թիվը շատ փոքր է։ «Շատ քչերն են նման համարձակություն ցուցաբերում»,- նկատեց Սաթիկ Գեւորգյանը։
Անդրադառնալով կանանց հանդեպ բռնարարքներ թույլ տված տղամարդկանց հետագա ճակատագրին՝ իրավաբանը տեղեկացրեց, որ այդպիսի ամուսինների հանդեպ քրեական գործեր են հարուցվում։ «Ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար նրանց 3-7 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրանցից ոմանք, սակայն, կարող են համապատասխան չափի տուգանք վճարելով, ազատ արձակվել։ Բայց շատ են դեպքերը, երբ կինը վրդովված գնում են ոստիկանություն, հայտնում ամուսնու բռնարարքների մասին, սակայն, մի քանի օր անց հետ է վերցնում իր բողոքը՝ մտածելով, թե այդ տղամարդն, ի վերջո, իր ամուսինն է, իր երեխաների հայրը, թող նրա հանդեպ քրեական գործ չհարուցվի։ Կամ էլ ասում են, որ հաշտվել են»,- ասաց իրավաբանը։
Ամփոփելով՝ Սաթիկ Գեւորգյանը նկատեց, որ ընտանեկան բռնությունների առաջին եւ երկրորդ դեպքերը 99 տոկոս հավանականությամբ, հետեւանքներ չեն ունենում եւ չեն կրկնվում։ «Երրորդ դեպքից հետո բռնությունները սկսում են պարբերական բնույթ կրել»:
Անի Ղազարյան





























