Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմական-քաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) գրավել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում և Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող բոլոր հիմնական բնակավայրերը, հայտնել է ռազմական աղբյուրը։
«Հութիները կառավարական զորքերի հեռանալուց հետո գրավել են նեղուցի ամենանեղ հատվածում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող Պերիմ (Մայյուն) կղզին, որը պատկանում է Դուբաբ օկրուգին, ինչպես նաև Ազ-Զաաֆուր լողափը, որտեղից տեսարան է բացվում դեպի կղզի։ Եմենի բանակը նահանջել է կղզու հարավային հատված», - ճշտել է աղբյուրը։
Բացի դրանից, ըստ նույն աղբյուրի, հութիների նավակները դեսանտ են իջեցրել Կարմիր ծովում գտնվող Հանիշ արշիպելագում, որը ներառում է Մեծ Հանիշ, Փոքր Հանիշ և Ջաբալ-Զուկար կղզիները, պատկանում է Հոդեյդա նահանգին և դուրս է գալիս Կարմիր ծովի հարավային հատվածի ծովային նավարկության ուղիներ։
«Հաստատվել է, որ «Անսար Ալլահի» ռազմածովային ուժերը վերահսկողություն են հաստատել Եմենի ափից մոտ 25 ծովային մղոն հեռավորության վրա գտնվող արշիպելագի նկատմամբ և գերի են վերցրել նրա 260 սպաներից ու զինվորներից բաղկացած կայազորը։ Գերիները տեղափոխվել են Հոդեյդայի ափ՝ նրանց հանձնվելու վերաբերյալ բազմաժամյա ռադիոկապով անցկացված բանակցություններից հետո», - պատմել է աղբյուրը։
Դա հաջորդել է հութիների կողմից Թաիզ նահանգի արևմուտքում ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Մոխա շրջանի գրավմանը, ներառյալ նավահանգիստը, որը ելք ունի դեպի Բաբ-էլ-Մանդեբի նեղուց, այն բանից հետո, երբ խմբավորումն արդեն ամրապնդել էր վերահսկողությունը երկրի արևմտյան Հոդեյդա նահանգի նկատմամբ։
Հութիները հուլիսի կեսերից հետո ակտիվացրել են ռազմական գործողությունները Եմենի և Սաուդյան Արաբիայի կառավարական զորքերի դեմ՝ չորս տարվա դադարից հետո, երբ Սաուդյան ռազմաօդային ուժերը հութիների պատվիրակությամբ իրանական ինքնաթիռի վայրէջքի պահին հարվածներ էին հասցրել Սանայի օդանավակայանին։





























