Արբանյակային նկարները, ինչպես նաև ՆԱՍԱ-ի FIRMS համակարգը, որը ցույց է տալիս Երկրի վրա հրդեհների վայրերը, ծուխ և հնարավոր հրդեհ են արձանագրել Սաուդյան Արաբիայի այն շրջաններում, որտեղ անցնում է ռազմավարական «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, ուրբաթ հաղորդում է «Անադոլու»-ն։
Մասնավորապես, Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-3 հեռահար զոնդավորման արբանյակների պատկերները գրանցել են խիտ սև ծուխ անապատում՝ Մեդինայի և Մահդ ադ-Դահաբի միջև, որտեղ անցնում է նավթամուղի հիմնական ճյուղը։ FIRMS-ը ևս այս գոտում անոմալ ջերմային ակտիվություն է հայտնաբերել։
Սակայն FIRMS-ի տվյալներն ինքնին չեն մատնանշում հրդեհի պատճառները։
Միաժամանակ նավթամուղում հրդեհի հնարավոր տեսագրություններ են հայտնվել։ Հավանական հարձակման և հրդեհի վերաբերյալ այլ հաստատումներ առայժմ չկան, նշում է գործակալությունը։
Թագավորությանը հարևան Եմենում հակամարտությունը սկսվել է 2014 թվականին, սակայն 2022 թվականից դիտվել էր հարաբերական հանդարտություն։ Սակայն հուլիսի սկզբից երկրի տարբեր շրջաններում մարտերը կառավարական ուժերի և հութիների միջև ակտիվացել են։ Միևնույն ժամանակ, հուլիսին հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Մասնավորապես, հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող նավթարդյունաբերության օբյեկտների վրա, դրանց թվում՝ Աբհայում, Ջիզանում, Նաջրանում, Խամիս Մուշայտում։ Ի պատասխան՝ սաուդյան զինվորականները հարվածներ են հասցրել Եմենին։





























