Շվեդ գործատուները գիտեն՝ ինչպես բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը՝ դրա հետ մեկտեղ նրանց երջանիկ դարձնելով: Պարզվում է՝ աշխատակիցներն ուրախությամբ են ընդունել 6-ժամյա աշխատանքային օրը, հայտնում է Informing-ը:

Թագավորության կառավարությունն աջակցել է նորամուծությանը: Վեցժամյա աշխատանքային օրվան առաջինը կանցնի Գյոթեբերգի Svartedalens ծերանոցը: Խնամողների եւ բուժքույրերի աշխատաժամերը կրճատվել են, սակայն նրանց աշխատավարձը չի փոխվել: Սա յուրահատուկ փորձ էր՝ նախատեսված որոշելու համար, թե հարկավո՞ր է նոր աշխատակիցներ ընդունել չաշխատած ժամերը փոխհատուցելու համար, սակայն պարզվել է, որ կրճատված աշխատաժամանակը բարձրացրել է աշխատակիցների արդյունավետությունը:

Հաջողված փորձից հետո 6-ժամյա աշխատանքային օրվա են անցել վիրաբույժ-օրթոպեդները, մյուս բժիշկներն ու բուժքույրերը:

Մասնագետները նշել են, որ աշխատակիցներն իրենց ավելի երջանիկ են զգում: Նրանք մեծագույն բավականությամբ են իրենց աշխատանքը կատարում, եւ դեռ անձնական կյանքի համար էլ են ժամանակ ունենում:

Այս պահին Շվեդիայում 6-ժամյա աշխատանքային օրվա են անցել նաեւ IT ընկերությունները եւ մի շարք հայտնի ավտոկենտրոններ:

Նշենք, որ աշխատանքային օրվա կրճատմանը զուգահեռ ձեռնարկությունները նաեւ որոշ սահմանափակումներ են մտցրել: Այսպես՝ աշխատակիցները չպետք է օգտվեն սոցցանցերից եւ միմյանց հետ շփվեն: