Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական համագործակցությունը կարող է դրականորեն ազդել Հայաստանի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, Հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:
Նրա խոսքով, Իրանում ավիաբազայի տարածքի մի մասի վարձակալությունը Ռուսաստանի կողմից վկայում է երկու երկրի միջեւ արդեն ոչ թե ռազմատեխնիկական, այլ ռազմական համագործակցության մասին: Փորձագետի համաձայն, ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնականում ենթադրում էր սպառազինության տրամադրում: «Ինչպես գիտեք, Իրանին արդեն մատակարարվել են զենիթահրթիռային С-300 համալիրներ: Բայց երբ Ռուսաստանը Իրանի տարածքում տեղակայում է իր ավիացիան եւ հարվածներ է հասցնում Սիրիայում ահաբեկիչներին, դա արդեն ոչ թե ռազմատեխնիկական, այլ ռազմական համագործակցություն է: Ռազմական համագործակցությունն ավելի լայն է, քան ռազմատեխնիկականը: Այն ենթադրում է ոչ միայն զենքի մատակարարում եւ այդ զենքի կառավարման ուսուցում, այլեւ համատեղ ուսումնավարժանքների անցկացում: Ռուսաստանը կարող է էականորեն բարձրացնել իրանական ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի մարտունակությունը, որոնք այժմ մարտունակության ծայրաստիճան ցածր մակարդակում են», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը:
Անդրադառնալով ռուս-իրանական ռազմական համագործակցության ազդեցությանը Հայաստանի վրա, փորձագետը նշել է, որ ներկայումս համաձայնագիր է նախապատրասվում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ: «Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, Հայաստանն Իրանի հետ առեւտրի լավագույն հնարավորություններ կստանա: Փաստացիորեն այն Իրանի հետ ազատ առեւտրի գոտի չունի: Դա կանդրադառնա նաեւ առեւտրաշրջանառության ծավալի վրա: Երկրորդ, կարծում եմ, որ Մոսկվայի եւ Թեհրանի նման մերձեցման շրջանակում Երեւանը կարող է հետեւողականորեն խոսել Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի մասին», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը: Այսինքն, պարզաբանել է նա, խոսքն Իրանից Հայաստան եւ այնուհետ` Վրաստան տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին է: «Այստեղ մի քանի հետագա ուղի կա. կամ ելքն է Սեւ ծով, հետո` Միջերկրական, կամ` Վրաստանի տարածքով բեռների առաքում Ռուսաստան: Բայց իդեալականն իհարկե երկաթուղին է, այստեղ բարդություններ կան, այդ պատճառով տարբեր տարբերակներ են դիտարկվում: Եթե չհաջողվի, օրինակ, միացնել Աբխազիայով երկաթգիծը, դիտարկվում է Կախեթիայով ելքը դեպի Դաղստան: Այսինքն Հայաստանն առաջին անգամ կարող է դառնալ տարանցիկ երկիր: Դա կարող է էական տնտեսական շահույթ բերել Հայաստանին», - հավելել է Վլադիմիր Եվսեեւը:
Նրա խոսքով, նախապատրաստվում է նաեւ Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու պարզեցման վերաբերյալ համաձայնագիր: Հայաստանի համար եւս դա կարեւոր է: Ստացվում է, որ Հայաստանը կարող է ազատ առեւտրի գոտիների միջոցով, որոնք ստեղծվում են Եվրասիական տնտեսական միության կողմից, լրացուցիչ տնտեսական դիվիդենտներ ստանալ: Բացի այդ, կա եւս մի լավ հնարավորություն, որը Հայաստանը ոչ միշտ է հաշվի առնում. Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ: Գտնվելով Եվրասիական Միությունում եւ լավ հարաբերություններ ունենալով Եվրոպական Միության հետ, Հայաստանը կարող է փորձել իր տարածքում եւ Վրաստանի տարածքում, որը Եվրոպական Միության հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, կամուրջ ստեղծել տնտեսական երկու համակարգի միջեւ», - ամփոփել է Վլադիմիր Եվսեեւը:





























