Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ եւ ներկայացրել ԵՄ-ի հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ եւ քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ արժեւորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարեւոր ջանքերն այդ գործընթացում։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։