Մեքսիկայի իշխանությունները միջազգային շուկաներում ձեռք են բերել ապահովագրություն, որպեսզի պաշտպանվեն 2017-ին նավթի գների հնարավոր անկումից: Ապահովագրության գումարը կազմել է մոտ 19 մլրդ պեսո (ավելի քան 1 մլրդ դոլար), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարությունը:

Ըստ գործարքի պայմանների՝ նավթի գնի միջին տարեկան ցուցանիշը 2017-ին պետք է լինի մոտ 42 դոլար, որը «կծածկի» 250 մլն բարելի չափով արդյունահանման ծավալի համար արվող ծախսը:

«Այդ գործողություններն ուղղված են դաշնային բյուջեի ծախսերի մասը նավթի գների՝ տվյալ մակարդակից նվազելուց պաշտպանելուն»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից:

Նշվում է, որ 2015-ի դեկտեմբերին Մեքսիկան արդեն ապահովագրությամբ մոտ 6.3 մլրդ դոլար է ստացել: Փորձագետները կարծում են, որ այս տարի երկիրը կարող է նորից ապահովագրական վճար ստանալ:

Մեքսիկան 1990 թ. սկսած նման պրակտիկա է վարում, բայց միայն մեկ անգամ է հաջորդաբար ապահովագրական վճարներ ստացել:

Այս տարվա հուլիսին Pemex մեքսիկական նավթային ընկերությունը դադարեցրել է նավթամշակման վեց գործարաններից մեկի աշխատանքը, որին բաժին է ընկնում երկրում բենզինի արտադրության 19 տոկոսը: