Սեւանա լիճը դասվել է 2016-ին ԱՊՀ-ում հինգ ամենաժողովրդական ուղղությունների շարքին: Այդ մասին հայտնում է    RoomGuru.ru-ն` ԱՊՀ-ում ռուսաստանցիների ամառային հանգստի ժամանակաշրջանում հյուրանոցների փնտրման ծառայության հետազոտման արդյունքում:   

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնումների եւ ամրագրումների տվյալների հիման վրա: 

Զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող հնգյակի մեջ են մտել Իսիկ-Կուլը  (Ղրղզստան), Բորովոյեն (Ղազախստան), Նարոչը (Բելառուս), Լյանկյարանը  (Կասպից ծով, Ադրբեջան) եւ Սեւանը (Հայաստան):

RoomGuru.ru-ի տվյալների համաձայն, դեպի ԱՊՀ երկրներ ռուսաստանցիների ամառային ուղեւորությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է   10 տոկոսով, իսկ կեցության համար զբոսաշրջիկներն օրական միջինը    3,6 հազար ռուբլի են ծախսել (55 դոլար):  

Սեւանա լիճ եկել են ամռանը, միջինը` 1,5 օրով, իսկ Իսիկ-Կուլ` 10 օրով:

Մինսկը գլխավորել է ամառային ուղեւորությունների համար ԱՊՀ-ի ամենաժողովրդական քաղաքների ցուցակը: Ռուսաստանցիների  շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջին տասնյակի մեջ այս ամառ մտել է Մինսկը, Ալմատին, Բաքուն, Աստանան, Երեւանը, Կիեւը, Բիշքեկը, Վիտեբսկը, Քիշնեւը եւ Տաշքենդը: Ամենաէժան քաղաքը Բիշքեկն է, իսկ ամենաթանկը` Աստանան: 

Ռուսաստանում ամառվա ընթացքում ամենաժողովրդական ուղղություններ են դարձել Սոչին եւ Անապան որպես հանգստավայրեր, ինչպես նաեւ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքները: 

RoomGuru.ru-ն (HotelsCombined) World Travel Awards մրցանակի տվյալներով վերջին երեք տարիներին աշխարհում հյուրանոցների լավագույն որոնողական համակարգ է ճանաչվել: