Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հանձնաժողովի գերակայություններից մեկը արտաքին ուղղությունն է: «2016 թվականը Հանձնաժողովի համար իսկապես դարձավ երրորդ երկրների եւ ինտեգրացիան առանցքային միավորումներ հետ Միության անդամ երկրների տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: Նրա խոսքով՝ այդ տեսակետից առանցքային է համարվում Չինաստանը:

«Չինաստանի հետ բանակցային գործընթացն սկսվել է: Աշխատանքային խմբերի մակարդակով առաջին փուլը տեղի է ունեցել օգոստոսին: Երկրորդը նախատեսվում է հոկտեմբերին: Հիմնական խնդիրը առեւտրատնտեսական ոլորտում փոխշահավետ լուծումներ գտնելն է, չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի հետ ԵՏՄ կապ հաստատելու գործընթացի արագացումը»:

Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտային նաեւ տեղեկացրել է Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ առեւտրի ազատ գոտու ստեղծման բանակցային գործընթացի առաջըթացի մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Իրանը «բանակցությունների դրական ելքի լուրջ տրամադրվածություն ունի եւ բարձր մակարդակի բանակցային խումբ է ուղարկել»: Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց կա Հնդկաստանի հետ բանակցություններում, հեռանկարային են նաեւ Սինգապուրի հետ բանակցությունները: Հատկապես հաշվի առնելով այդ երկրի ինովացիոն տեխնոլոգիաները եւ ֆինանսական հիմնադրամները Միության երկրների օգտին օգտագործելու հնարավորությունները:

Գրիգորի Ռապոտան համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության միջազգային համագործակցության փորձը կարող է օգտակար լինել ԵՏՄ-ին: «Միջազգային բազմաթիվ ֆորումներում մենք խոսում ենք մեր միավորումների ընդհանուր տնտեսական հետաքրքրությունների, ինտեգրման գործընթացում ԵՏՄ մեծ դերի եւ առավելությունների մասին»,- ասել է Ռապոտան:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ ներքին ուղղություններին՝ ասելով. «Ավարտին է մոտենում ԵՏՄ Մաքսային օրենսգրքի բավական թեժ եւ տեւական քննարկումը: Միության երկրների միջեւ օրենսգրքի վերաբերյալ նախապես մոտ 30 դրույթի շուրջ լուրջ տարաձայնություններ կային: Մինչդեռ այժմ ընդամենը մեկ չկարգավորված հարց է մնացել: Հույս ունենք, որ հոկտեմբերի 28-ին Մինսկում տեղի ունենալիք  Միջկառավարական խորհրդի նիստում Մաքսային օրենսգրքի հետ կապված բոլոր տարաձայնությունները վերջնականապես կհարթվեն: Գործող փաստաթղթի համեմատությամբ դա կլինի առավել զարգացած, լիբերալ եւ արդիականացված»:

Ներքին մյուս հիմնարար ուղղությունը դեղամիջոցների ԵՏՄ ընդհանուր շուկան է: Սարգսյանի խոսքով՝ այս հարցում եւս երկրները վերջերս փոխզիջման հասան, եւ հոկտեմբերին սկզբունքային որոշում կընդունվի:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը Ռապոտայի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Միության երկրները հաստատել են նավթի, նավթամթերքի եւ գազի ընդհանուր շուկաներ հիմնելու հայեցակարգը, որոնց աշխատանքը կսկսվի 2025 թվականից:

Սարգսյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովին եւ Միության երկրներին մեծ աշխատանք է սպասվում թվային տարածքի ստեղծման գործում, որը ներքին արմատական ուղղություններից մեկն է: «Այժմ աշխարհում ամեն ինչ թվայնացված է՝ ձեռնարկությունները, ճյուղերը, առեւտուրը, պետգնումները: Առաջատար երկրներն առաջ են անցնում: Վերջերս մեր Հանձնաժողովը եւս այդ ուղղությամբ սկսել է ակտիվորեն աշխատել, աշխատանքային խումբ է ստեղծվել, որի մեջ ընդգրկվել են ԵՏՄ երկրների լավագույն մասնագետները: Մենք հասկանում ենք այդ աշխատանքների առանձնահատուկ կարեւորությունը»,- ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Գրիգորի Ռապոտան իր աջակցությունն է հայտնել թե՛ արտաքին, թե՛ ներքին ուղղություններով ԵՏՀ ջանքերին: Ըստ որում՝ անդրադառնալով ԵՏՄ-ում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցին՝ նա ընդգծել է, որ գաղափարի ընտրությունը ճիշտ է: Առավել եւս, որ Միության երկրներում կան «առաջնակարգ ծրագրավորողներ եւ բարձր պոտենցիալ, որն անպայման պետք է օգտագործել»: Հիշեցնելով ինտեգրացիոն երկու միավորումների միջեւ կնքված Հուշագիրը՝ Գրիգորի Ռապոտան առաջարկել է կողմերին հետաքրքրող հրատապ հարցերի վերաբերյալ տարեկան մեկ անգամ խորհրդակցություններ անցկացնել: