Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը բժիշկների օգնությամբ  արդեն կարողանում են քայլել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի»  հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների վիճակն արդեն լավ է, հնարավոր է, որ երկու օրից նրանց դուրս գրեն հիվանդանոցից եւ տեղափոխեն «Դատապարտյալների» հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր:

Նշենք, որ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):