Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանն աշխատանքի է ընդունել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման քարոզիչ, ԱՄՆ քաղաքացի Ջեսսի Մորթոնին: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ 37-ամյա Մորթոնը ծայրահեղականության առաջացման պատճառների հետաքննության նախագծի գիտաշխատող է: Մորթոնն ԱՄՆ-ի առաջին նախկին ծայրահեղականն է, որը գիտահետազոտական կազմակերպության աշխատակից է դարձել: Նրան աշխատանքի են ընդունել մի քանի ամիս տեւած ստուգումներից եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ խորհրդակցություններից հետո:
Ջեսսի Մորթոնը Փենսիլվանիա նահանգից է, բնակվել է հիմնականում Նյու Յորքի Բլուքլին շրջանում: Ըստ վկայությունների՝ 16 տարեկանում նա փախել է տնից: Որոշ ժամանակ անց թմրանյութերի պատճառով բանտ է ընկել, որտեղ իսլամ է ընդունել՝ դառնալով Յունուս Աբդուլլա Մուհամմեդ:
Դրանից հետո նա Նյու Յորքի հայտնի Կոլումբիական համալսարանում մագիստրոսի դիպլոմ է ստացել, որտեղ միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել: Սակայն կարճ ժամանակ անց Մորթոնը սկսել է «Ալ Քաիդա»-ի քարոզչություն իրականացնել համացանցում: 2010 թվականի հուլիսին համախոհների ձերբակալությունից հետո Մորթոնը Մարոկկո է փոխադրվել: Այստեղ նա ձերբակալվել է 2011 թվականի հոկտեմբերին եւ փոխանցվել ԱՄՆ-ին:
2012 թվականի հուլիսին Մորթոնը Վաշինգտոնում 11.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Ամեն դեպքում, 3 տարի անց նա ազատ է արձակվել, քանի որ սկսել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին ակտիվորեն օգնել իսլամական ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Ներկայում Մորթոնը կնոջ եւ երկու երեխաների հետ ապրում է Վիրջինիայի հյուսիսում: Ամեն դեպքում, նա շարունակում է հավատացյալ մահմեդական մնալ:





























