Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 3-ին: NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը համեմատաբար լավ է եղել, սակայն, երկու օր առաջ, երբ բժիշկների օգնությամբ քայլել է` ինքնազգացողությունը վատացել է:
«Երեկ եմ տեսակցել, ոնց հասկացա` վիրահատությունից հետո ինքնազգացողությունն արդեն լավ է: Բայց մի քանի օր առաջ բժիշկների օգնությամբ քայլելուց հետո ինքնազգացողությունը վատացել էր, երեւի պատրաստ չէր եղել քայլելու: Ընդհանուր գոհ է»:
Փաստաբանը նշեց, որ դեռ կոնկրետ օր չի նշվում, թե երբ Աշոտ Պետրոսյանը Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր:





























