Ավստրալացի գիտնականները ենթադրում են, որ մայրցամաքի հյուսիս-արեւմուտքում Քիմբերլի շրջանում գտնվող քարանձավների ժայռապատկերները, հնարավոր է, մոլորակի վրա ամենահին ժայռապատկերներն են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լուսալյումինեսցենտային թվագրման եղանակով մենք հաստատել ենք, որ քարանձավներից մեկի առաստաղի ժայռապատկերը ստեղծվել է առնվազն 16 հազար տարի առաջ»,- ասել է պրոֆեսոր Ջուն Ռոսը, որը ղեկավարում է Նոր Անգլիա համալսարանի գիտական արշավախմբի արդեն ավելի քան 3 տարի շարունակվող աշխատանքը:

«16 հազար տարին, սակայն, նվազագույն ժամանակն է, քանի որ մենք այդպես ենք թվագրել ոչ թե հենց ժայռապատկերը, այլ կրետների քարացած բները, որոնք դրա վրա են շատ ավելի ուշ են հայտնվել: Այդպիսով, ժայռապատկերը կարող է զգալիորեն ավելի վաղ ստեղծված լինել»,- ասել է նա:

Ռոսը հիիշեցրել է, որ Ավստրալիայում մարդու հայտնվելու առաջին հետքերը թվագրվում են մոտ 56 հազար տարով, եւ որ 2014 թվականին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներից մեկում հայտնաբերվել են հնագույն ժայռապատկերների նմուշներ, որոնք 39 հազար տարեկանից պակաս չեն:

«Մենք ենթադրում ենք, որ Ավստրալիայի քարանձավներում ժայռապատկերները ստեղծել են հարեւան Ինդոնեզիայից նավակներով եկած մարդիկ: Քիմբերլիի եւ Ինդոնեզիայի նեղուցը սառցի ժամանակաշրջանում շատ նեղ էր»,- պարզաբանել է նա: