«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին մեղադրում են այնպիսի արարքին օժանդակելու մեջ, որը չի կատարվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
«Չկան այն հանցագործությունները կատարողները, որոնց օժանդակելու մեջ մեղադրվում է Կարո Եղնուկյանը։ Ասում են՝ օժանդակել է Պավել Մանուկյանին, որ պատանդներին երկար պահի, այնինչ Պավել Մանուկյանին չեն առաջադրել պատանդներին երկար պահելու մեղադրանք: «Սասնա ծռերից» ոչ մեկին մեղադրանք չառաջադրվեց շենք շինությունները զավթելու մասով, բայց Կարո Եղնուկյանիին մեղադրում են դրան օժանդակելու մեջ»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ Կարո Եղնուկյանին մեղադրում են 4 գործողություն կատարելու մեջ՝ տեխնիկայի շարժի մասին տեղեկություն հրապարակելու, մարդկանց Ազատության հրապարակից ՊՊԾ գնդի տարածք տեղափոխելու համար միջոցներ ձեռք առնելու, իրավապահների տարած սննդից թունավորումների առաջացման մասին տեղեկատվություն տարածելու, «Սասնա ծռերին» ռադիոկապով ապահովելու։ Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ մեղադրանքներն առանց հիմքի են, Կարո Եղնուկյանը չի ընդունում դրանք։
«Նյութը չկա, որին կարելի է հղում կատարել։ 4 հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ են ներկայացվել, որոնք կապ չունեն այս մեղադրանքի հետ։ 4-ից 3-ում կնոջ՝ Ռուզաննա Եղնուկյանի հետ է խոսել։ Կինը զանգել է, ասել՝ իրեն ինչ-որ մեկը, որը այլ մեկից է իմացել, ասել է, որ պետք չի հավաքվել Ազատության հրապարակում, ինչն էլ ինքը ասում է Կարոյին։ Կարո Եղնուկյանն էլ ասել է՝ լավ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ մյուս ապացույցներում էլ Կարո Եղնուկյանը հեռախոսազրույցի ժամանակ ասում է, որ իր տեղեկություններով սննդից մեկը թունավորվել է, հնարավոր է՝ իրավապահների տարած սննդից։
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Նշենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 19-ին: Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի եւ նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել:





























