Անսպասելի վերակառուցման նպատակով փակվել է Չինաստանում գտնվող աշխարհի ամենաերկար եւ բարձր ապակե կամուրջը, որը Չժուանցզյե լեռնային տեղավայրում (Հունան կենտրոնական նահանգ) ընդամենը երկու շաբաթ առաջ էր բացվել: Վարչակազմն այս որոշումը հիմնավորել է աշխատանքի կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է սահմանաված շեմը գերազանցող զբոսաշրջիկների վիթխարի հոսքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերամուր ապակուց կառուցված արտասովոր հետիոտնային կամուրջը մոտ 300 մետր բարձրությամբ կառուցվել է երկու լեռների միջեւ: Իսրայելցի ճարտարապետ Հաիմ Դոթանի նախագծած շինության երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6 մետր:

Կամրջի հարթակը կազմված է 99 ապակե սկավառակներից՝ մոտ 5 սմ հաստությամբ: Նշվում է, որ այն կարող է միաժամանակ 600 մարդու պահել:

Չի հաղորդվում, թե երբ կառույցը զբոսաշրջիկների համար կրկին հասանելի կլինի: Դա կասկածներ է հարուցել կառույցի անվտանգության վերաբերյալ եւ վարչակազմին ուղղված քննադատություններ առաջացրել այն պատշաճ մակարդակով սպասարկելու անընդունակության համար:

Կամրջի բացումից առաջ դրա ամրությունը ցուցադրելու նպատակով կազմակերպվել էր մի ամբողջ շոու՝ ապակե կառույցի վրայով անցել է 2 տոննայանոց բեռնատար, իսկ ապակե հատակը փորձել են կոտրել կռանով: