Արգենտինացի հնէաբանները Պատագոնիայում հայտնաբերել են Յուրայի դարաշրջանից պահպանված պտերոզավրի մնացորդներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գանգի քարացած ոսկորները, որոնք լավ վիճակում են պահպանվել, պատկանում են թեւավոր թեփամորթների նոր տեսակի: Գիտնականները այն անվանել են Allkauren koi, ինչը հնդկացիների տեուէլչե ցեղախմբի լեզվից թարգմանաբար նշանակում է «հին ուղեղ»:
Գանգն ուսումնասիրելու համար հետազոտողները օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիա: Նրանց հաջողվել է վերականգնել պտերոզավրի կենտրոնական նյարդային համակարգի վերին հատվածի կառուցվածքը: Պարզվել է, որ այս թեփամորթը միջանկյալ օղակ է եղել թռչող սողունների ուղեղի էվոլյուցիայում:
Պտերոզավրերը թեւավոր թեփամորթների անհետացած խումբ են, որոնք ապրել են մեզոզոյան դարաշրջանում: Նրանց ոսկորները փուչ էին, ինչը նվազեցնում էր նրանց քաշը, իսկ մատները՝ երկար: Նրանց ուղեղի չափերի մասին տեղեկությունները ստացվել են մի քանի հնածոների հետազոտությունների շնորհիվ, սակայն առայսօր գիտնականները տեղեկություններ չունեին նրանց միջանկյալ տեսակների մասին:Այսպիսով այս գտածոն նոր տեղեկություններ է ապահովում պտերոզավրերի նյարդային համակարգի ծագման ու էվոլյուցիայի մասին:





























