Սկանդինավիայի եւ Կանադայի բնակիչները վերջին 50 տարվա ընթացքում ամենից քիչ են ստիպված եղել սպասք լվանալ, արդուկ անել եւ կատարել տնային այլ պարտականություններ, մինչդեռ իտալուհիները եւ իսպանուհիները բոլորից ավելի հաճախ եւ շատ են աշխատում տանը, գրում է Demographic Research ամսագիրը:
«Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ մարդկությունն աստիճանաբար շարժվում է դեպի տղամարդկանց եւ կանանց միջեւ տնային պարտականությունների ավելի հավասար բաշխում: Չնայած վերջին տասնամյակներում ակնհայտ առաջընթացին, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ գործընթացը դանդաղել է շատ երկրներում», — հայտնել է Օրիել Սալլիվենը Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Սալլիվենն ու իր գործընկերները հաստատել են ընդհանուր առմամբ տարածված պատկերացումը, որ ժամանակի քանակությունը, որ կանայք անցկացնում են տնային գործեր անելով, սովորաբար խստորեն համամասն է նրան, թե որքանով պահպանողական եւ ավանդապաշտ է հասարակությունը, որում նրանք ապրում են: Նման եզրահանգումը գիտնականների կողմից արվել է աշխարհի 19 երկրում, այդ թվում նաեւ` նախկին սոցճամբարի պետություններում կանանց դիտարկման գրեթե 50 տարվա ընթացքում:
Այդ հետազոտության գլխավոր եզրահանգում է դարձել այն, որ տնական գործերում կանանց եւ տղամարդկանց անհավասարությունը չի վերացել. կանայք միջինը 1-2 ժամից ավելի են ծախսում տանն աշխատելու վրա, քան անում են տղամարդիկ, իսկ որոշ երկրներում այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է:
Օրինակ` Իսպանիայի եւ Իտալիայի բնակչուհիները տնային գործերի վրա միջինը մոտավորապես 180 եւ 140 րոպե ավելի են ծախսում, քան իրենց ամուսինները, մինչդեռ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Կանադայի բնակչուհիների համար այդ ցուցանիշը չի գերազանցում 60 րոպեն:
Չնայած նման տպավորիչ տարբերությանը, իրավիճակը նկատելիորեն բարելավվել է բոլոր երկրներում, որոնց հետեւել են Սալլիվենն ու իր գործընկերները. գրեթե բոլոր երկրներում, որոնց հետեւել են Սալլիվենն ու իր գործընկերները, կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունը կրճատվել է մոտավորապես 2-3 անգամ, հատկապես` սոցբլոկի նախկին երկրներում եւ Եվրոպայի հարավի պահպանողական երկրներում: Վերջին տարիներին, ճիշտ է, այդ առաջընթացը դանդաղել է, ինչը գիտնականներին ստիպում է մտածել, թե դա ինչու է տեղի ունենում:
Սալլիվենի կարծիքով, այդ դանդաղումն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ ոչ բոլոր գործատուներն են հաղթահարել տիպականորեն կանացի եւ տղամարդկային գործերի վերաբերյալ կարծրատիպերը: Դա տղամարդկանց խանգարում է աճեցնել իրենց բաժինը տնային գործերում, իսկ կանանց` նվազեցնել այն:





























