Հայաստանի իշխանությունները վերջին 6-7 տարիների ընթացքում արեցին ամեն բան, որպեսզի երկրի տնտեսությունը կորցնի իր մրցունակությունը՝ բառիս բուն եւ հարաբերական իմաստներով։ Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ինքը, «բառիս բուն իմաստ» ասելով նկատի ունի այն, որ Հայաստանն ուներ արտաքին շուկաներում մրցունակ եւ լավ իրացվող ադամանդ, ոսկի, շինանյութեր, որոնք վաճառելու հնարավորություններ ներկայումս չկան։ «Մենք այնպիսի արժութային քաղաքականություն վարեցինք, որ մեր դրամը շատ ինտենսիվ, արագ տեմպերով «արժեւորվեց»։ Աշխարհում հակառակն է կատարում։ Եվրոպան արժեքազրկում է եվրոն, ինչի արդյունքում էլ Գերմանիան 3 ամսվա ընթացքում դուրս եկավ ճգնաժամից։ Մեզ մոտ նման բան չկա։ Այստեղ հարկավոր է օլիգարխներին հարստացնել։ Իսկ դրա համար դրամն անընդհատ պետք է արժեւորել, մրցակցությունը` վերացնել։ Այսօր Հայաստանում ապրանքի գինը որոշում է ոչ թե շուկան, այլ Սերժ Սարգսյանը։ Որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձի տնտեսագիտական մեկնաբանություններ հնարելով, ածականներով տնտեսության վիճակը լավ որակել, իրականում մեր տնտեսությունը օլիգարխիկ-մոնոպոլիզացված է»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Անդրադառնալով ակցիզային հարկի մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ «իշխանությունները այդպիսի քայլի չէին գնա»։ «Համոզված եղեք, որ դա միայն եւ միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանավորվածությունների շրջանակներում է եղել։ Իմ տեղեկություններով, կազմակերպությունը շատ խիստ է դրել հարցը, ժամկետներ են սահմանվել, եւ ասվել է, որ եթե չկատարեք պայմանավորվածությունը, մենք կդիմենք արբիտրաժ։ Այնպես որ, դա պարտադրանք է»,- ասաց տնտեսագետը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ներկրող եւ երկրի ներսում օղի եւ ծխախոտ արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու մասին:
Ուկրաինան դիմել էր ԱՀԿ-ին եւ պահանջել, որ Հայաստանը ներկրողների համար շատ ավելի բարձր հարկեր է կիրառում եւ պրոտեկցիոնիզմի քաղաքականություն վարում, ինչը հակասում է ԱՀԿ կանոններին: Դրանից հետո, օրերս ՀՀ ԱԺ-ում քննարկվեց ու հաստատվեց Կառավարության կողմից ներկայացված «Ակցիզային հարկի մասին օրենքի» նախագիծը` 54 կողմ, 21 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:



























