«Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, որ ահազանգել էին իրավապահներին հանձնվելուց հետո բռնությունների ենթարկելու մասին, ուշացած ու կիսատ դատաբժշկական փորձաքննությունների են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը:
«Փորձաքննություններն ուշ էին նշանակել, համարյա այն ժամանակ, երբ վերքերը լավացել էին, անիմաստ գործողություններ էին անում: Գագիկ Եղիազարյանին դատաբժիշկն այցելել է անցած շաբաթ, երբ արդեն մեկ ամսից ավելի շատ ժամանակ էր անցել»,- ասաց պաշտպանը:
Արամ Հակոբյանը, պաշտպանի տեղեկացմամբ, ավելի վաղ էր ենթարկվել հետազոտության, սակայն այն կիսատ է իրականացվել:
«Նշանակել էին նյարդաբանական եւ ռենտգեն հետազոտություններ, որ այդպես էլ չարվեցին: Դրա պատճառով ամբողջական պատկեր չեն կարողացել ստանալ»,- ասաց պաշտպանը:
Լուսինե Հակոբյանը նշեց, որ առանձին քրեական գործ բռնությունների մասով հարուցված չէ, ինքն էլ թերահավատորեն է մոտենում, թե մեղավորները կպատժվեն:
«Իրենք միտումնավոր փորձաքննությունները ուշ էին նշանակել: Նման փորձաքննությունները պետք է անմիջապես նշանակվեն»,- ասաց նա:
Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Փաստաբանի պնդմամբ նրանք չեն հանձնվել, ավելին՝ ոստիկանների կողմից բռնությունների են ենթարկվել:





























