Երեք տարի առաջ ՌԴ նախագահ Պուտինը ներեց իր երդվյալ թշնամուն՝ Միխայիլ Խոդորկովսկուն: Ինչպես է օլիգարխն այժմ օգտագործում իր ազատությունը: Գերմանացի ռեժիսոր Կիրիլ Տուշին (2011 թվականին թողարկվեց նրա «Խոդորկովսկու գործը» ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին Գերմանիայի հեռուստատեսությունը կցուցադրի նրա երկրորդ ֆիլմը՝ «Խոդորկովսկու նոր ազատությունը») Der Spiegel-ի հետ հարցազրույցում ներկայացրել է մարդու կերպար, ով համոզված է, որ իր աստղային ժամը դեռ չի եկել:

Ո՞րն է Խոդորկովսկու նպատակը: «Այն ամենը, ինչ նա անում է, հետապնդում է նրա համար գերակա մեկ նպատակ՝ վերադառնալ Ռուսաստան: Խոդորկովսկին «փորձագետների համագործակցությամբ Ռուսաստանի համար նոր սահմանադրություն է պատրաստում, վերականգնել է իր «Բաց Ռուսաստան» հիմնադրամը, ասել է Տուշին:

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա սատարում է որոշ ընդդիմադիր թեկնածուների, նաեւ օնլայն համալսարան է հիմնել: Նա ցանկանում է ռուսներին ինքնուրույն գործողությունների դրդել: Չնայած իր ընտանիքի անդամների դժգոհությանը, Խոդորկովսկին այդպես էլ չկարողացավ քաղաքականությունից հեռանալ, եւ այդ հարցում մեծ դեր խաղաց Ուկրաինայի հակամարտությունը: Մայդանից հետո նա, ինչպես Պուտինին քննադատողներից շատերը, հույս էր փայփայում, որ հեղափոխական շարժումն Ուկրաինայից Ռուսաստան կանցնի, հենց այդ պատճառով նա անմիջապես Ուկրաինա մեկնեց»,- պարբերականին ասել է ռեժիսորը:

Խոդորկովսկին իրեն այն անհատն է համարում, ով կկարողանա Ռուսաստանը փակուղուց հանել, երբ այն վերջնականապես կթաղվի ճգնաժամի մեջ: Գերմանացի ռեժիսորը համոզված է, որ «Խոդորկովսկին հնարավոր ամեն ինչ անում է Պուտինի տապալումն արագացնելու համար: Բայց ոչ այն ճանապարհով, որի մասին մտածում են Պուտինն ու նրա մերձավորագույն համախոհ Իգոր Սեչինը: Նրանք վախենում են, որ նախկին օլիգարխը իրենց սպանելու համար քիլլերների կվարձի: Մինչդեռ Խոդորկովսկին ձգտում է մեծացնել Պուտինի վրա գործադրվող միջազգային ճնշումը: Եվ դրա համար դաշնակիցներ է փնտրում»,- ասել է Տուշին: