Բրիտանական խորհրդարանի շենքում` Վեսթմինսթրյան պալատում կարող է «աղետալի իրադարձություն» տեղի ունենալ, ինչի հետեւանքով շինությունը իր նշանակությամբ ծառայելու համար լիովին անպիտան կդառնա: Այդ մասին է վկայում Պալատի վերանորոգման հարցերով միացյալ կոմիտեի հրապարակած զեկույցը, հայտնում է  Curbed-ը:

Զեկույցում ասված է, որ խորհրդարանականները պետք է ազատեն պալատը, որպեսզի հնարավոր լինի այնտեղ շտապ վերանորոգում կատարել մոտ չորս մլրդ ֆունտ սթեռլինգ կամ  5,3 մլրդ դոլար արժողությամբ: Ակնկալվում է, որ պալատի վերանորոգումը վեց տարի կխլի: Հիմնական աշխատանքները կվերաբերեն շինության ինժեներական համակարգերին. դրանցից շատերը տեղադրվել են XX դարի կեսին եւ դրանց շահագործման ժամկետը սպառվել է դեռեւս 1970-80 թվականներին:

«Բոլոր մեխանիկական եւ էլեկտրական համակարգերի ամբողջական եւ անսպասելի խափանումը, որի հետեւանքով շենքում գտնվողները ստիպված կլինեն անհապաղ լքել այն, շատ ռեալ է», — նշված է զեկույցում:

Եթե «երկիրը չի ուզում բախվել այդ լեգենդար շինության կորստի անհրաժեշտությանը», պալատում վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն անմիջապես, նշում են փաստաթղթի հեղինակները: 

Վեստմինստրյան պալատի ժամանակակից շինությունը Լոնդոնում՝ Թեմզա գետի ափին, կառուցել են 1860 թվականին: Դրանում ընթանում են երկրի խորհրդարանի նիստերը:  Պալատում ավելի քան հազար տարածք կա, մոտ  100 աստիճան եւ մի քանի կմ երկարությամբ միջանցքներ:  Շենքի աշտարակներից մեկը` Բիգ Բենը Մեծ Բրիտանիայի խորհրդանիշն է:  1987 թվականին Վեսթմինսթրյան պալատը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: