Ամերիկացի եւ ճապոնացի երկրաֆիզիկոսները կանխատեսում են Ճապոնիայի խոշորագույն հրաբուխներից մեկի` Սակուրաձիմայի շուտափույթ ժայթքում: Վտանգի տակ են հայտնվում «Արեւելքի Նեապոլի»` Կագոսիմա քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, այդ մասին հայտնում է EurekAlert պարբերականը:
Գիտնականները վերլուծել են Այրայի կալդերայի` Սակուրաձիմայում տեղադրված խոշորագույն խառնարանի ընթացիկ վիճակը: Խառնարանը ձեւավորվել է անցած ժայթքումների եւ դրան հետեւած մագմայական ծավալուն պահեստարանի փլուզման հետեւանքով: Գոգահովտում պահվում է մագման, որը պարբերաբար սնում է հրաբուխը:
Եռաչափ համակարգչային մոդելավորման եւ գլոբալ դիրքավորման համակարգի շնորհիվ գիտնականները հետեւել են մագմայի վերջին հոսքերին, որոնք գործում են գոգահովտի եւ հրաբխի միջեւ: Պարզվել է, որ ամեն տարի խառնարանից դեպի Սակուրաձիմայի մակերեւույթը մոտ 14 մլն խմ մագմա է գնում. դա 3,5 անգամ ավելին է, քան Լոնդոնում Ուեմբլի ֆուտբոլի մարզադաշտի ծավալը:
Շուտափույթ ժայթքման բարձր հավանականություն է մատնանշում այն, որ հրաբխի մակերեւույթի տակ ավելի շատ մագմա է հասնում, քան այն, որը դուրս է գալիս կանոնավոր եւ փոքր ժայթքումների հետեւանքով: Մագմայի կուտակման տեմպերը մատնանշում են, որ Սակուրաձիմայի ժայթքումը կսկսվի մոտավորապես 25 տարի անց:
Գործող շերտավոր Սակուրաձիմա հրաբուխը, որի բարձրությունը հասնում է 1117 մ-ի, երեք գագաթ ունի: Այն գտնվում է Կագոսիմայի պրեֆեկտուրայում` Կյուսյու կղզու հարավ-արեւելքում: Հրաբխի խոշոր ժայթքումը, որը տեղի է ունեցել 1914 թվականին, հանգեցրել է 59 մարդու մահվան: Այրայի խառնարանում, հրաբխից բացի, տեղակայված է նաեւ Կագոսիմա քաղաքը, որն իր տեղադրության եեւ շոգ կլիմայի պատճառով կոչում են «Արեւելքի Նեապոլ»: Քաղաքի բնակչությունը գերազանցում է 600 հազար մարդը:





























