Հույն հնագետները Լեսբոս կղզու պեղումների ընթացքում 200 հազար տարեկան քարե գործիքներ են հայտնաբերել, հայտնում է Հունական հանրային հեռուստաընկերությունը`  ERT-ն:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Կրետեի համալսարանի հնագետները պրոֆեսոր Նենա Գալանիդիսի գլխավորությամբ պեղումներ են իրականացնում Լիսվորի շրջանի Ռոդաֆնիդիա վայրում:  500 հազար տարեկան բազմաթիվ գտածոները շատ արժեքավոր տեղեկություններ են տվել մեր նախահայրերի մասին, նշում է հեռուստաալիքը:    Գիտնականների կարծիքով, տաք աղբյուրները մեր նախնիների համար ապաստան են ծառայել սառցային ժամանակաշրջանում: 

Գտածոները փոխում են պալեոլիթի դարաշրջանում Հունաստանի տեղի մասին պատկերացումը: 

«Այժմ մենք ապացույց ունենք, որ մեր նախնիների` Ասիայից եւ Աֆրիկայից Եվրոպա միգրացիան ընթացել է ոչ միայն նախապես հայտնի երթուղիներով:  Ռոդաֆնիդիան անկասկած հոմինիդների միգրացիոն շարժման ուղու վրա էր 500 հազար — 200 հազար տարի առաջ»,- հեռուստաալիքին հայտնել է պրոֆեսորը:

Նրա խոսքով, ինքը կուզեր այստեղ պալեոլիթի ժամանակաշրջանի հնագիտության կենտրոն ստեղծել: