Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը 20 մլն դոլարով վաճառքի է հանել 48 մետրանոց «Ամֆիտրիտա» նավը, հայտնում է The New York Post-ը:
Ռոուլինգը նավը ձեռք է բերել 2016 թվականի հունվարին` 29 մլն դոլարով: Պարբերականին չի հաջողվել «փոթթերիանայի» հեղինակից մեկնաբանություններ ստանալ շքեղ նավի այդքան արագ վաճառքի պատճառների մասին:
Հաղորդվում է, որ նավը, որի հինգ նավախցիկում կարող է տասը ուղեւոր տեղավորվել, կառուցվել է 2001 թվականին եւ ի սկզբանե «Անատոլիա» է կոչվել: 2006 թվականին այն ձեռք է բերել հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփփը: 2014 թվականին նավը դարձյալ վաճառվել է եւ իր ներկայիս անունն է ստացել` «Ամֆիտրիտա»:
Ջոան Ռոուլինգը համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել հրաշագործ տղա Հարրի Փոթթերի մասին գրքերի շարքի շնորհիվ: Sunday Times թերթի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 600 մլն ֆունտ (մոտավորապես 800 մլն դոլար):





























