Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ եւ գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ բելգիական համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Բրյուսել-Երեւան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: Ժան-Արտուր Ռեժիբոն Թաթուլ Մարգարյանին հանձնեց Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երեւան չվերթի իրականացումը:
Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին՝ Բրյուսելը Երեւանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների եւ «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:




























