ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է 1 տրլն դոլար կորցնել՝ չնայած կանխատեսումներին, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկրի նախագահ դառնա: Նման եզրահանգման են եկել Oxford Economics-ի մասնագետները:
Ըստ Reuters-ի՝ Թրամփի քաղաքականությունը՝ հարկերի կրճատում, հովանավորչական առեւտրային քաղաքականություն, միգրանտների արտաքսում, կարող է բացասական հետեւանքներ ունենալ:
«Եթե Թրամփին հաջողվի հասնել իր նպատակներին, հետեւանքները կարող են հեռուն գնացող լինել: ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կարող է ակնկալվածից 5%-ով պակաս լինել, իսկ ակնկալվող գլոբալ աճի վերականգնմանը վտանգ կսպառնա»,- կարծում են Oxford Economics-ում:
Բազային սցենարով՝ Oxford Economics-ը 2017 թվականից ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2%-անոց աճ է կանխատեսում, ինչը 2021 թվականին կհասնի 18.5 տրլն դոլարի: Կազմակերպության մասնագետների խոսքով՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե նախագահական ընտրություններում հաղթի Հիլարի Քլինթոնը, իսկ Կոնգրեսը կբաժանվի՝ Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետական, Սենատում՝ դեմոկրատական մեծամասնությամբ:
Իսկ եթե հաջողությունն ուղեկցի Թրամփին, ապա աճի անկում է կանխատեսվում: 2019 թվականին, ըստ մասնագետների, այն կարող է հասնել զրոյի, իսկ ՀՆԱ-ն կկրճատվի՝ հասնելով 17.5 տրլն դոլարի:


























