Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա (սեպտեմբերի 13-ին) ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջեւ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված  տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք եւ բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի եւ ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության եւ հանրային վստահության բարձրացման նպատակով»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում «4+4+4» ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերի` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին: