Չինաստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԳՆ-ում, արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի արտգործնախարության նոր շենքի տեխնիկական հագեցման նպատակով տրամադրված կարեւոր օժանդակության համար: Այս կապակցությամբ ԱԳՆ-ում կազմակերպված արարողության ընթացքում նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ին տրամադրած օժանդակությունը երկու երկրների միջեւ ջերմ, բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է, եւ դեսպանին փոխանցեց Չինաստանի արտգործնախարար Վան Իին ուղղված շնորհակալական նամակը:
Դեսպան Ըրլունն իր հերթին ընդգծեց, որ Չինաստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկու պետությունների միջեւ սերտ բարեկամական փոխգործակցությունը, քննարկվեցին Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-չինական օրակարգի բազմաթիվ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց
Չինաստանի դեսպանի անձնական շարունակական ջանքերը՝ հայ-չինական համագործակցության խորացման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Թիեն Ըրլունն անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը:





























