Հնարավոր է՝ Ռուսաստանն առաջարկի Եվրասիական տնտեսական միության սահմաններում կոշիկի շուկայի օրինականացման միջոցառումների շրջանակում կոշկեղենի պիտակավորում մտցնել, ինչպես մուշտակների դեպքում է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու պետական հանձնաժողովին առընթեր թեթեւ արդյունաբերության արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու միջգերատեսչական ճյուղային աշխատանքային խմբի հերթական նիստի փաստաթղթերից:

Կոշկեղենի պիտակավորման առաջարկով ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը հանդես է եկել աշխատանքային խմբի նախորդ նիստերից մեկի ժամանակ:

Գարնանը Ռուսաստանում մեկնարկել էր մորթե իրերի էլեկտրոնային պիտակավորման (RFID-նշում) նախագիծը, իսկ օգոստոսի 12-ին պիտակավորումը պարտադիր է դարձել ԵՏՄ տարածքում: Ըստ որում՝ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Հարկային դաշնային ծառայությանը հանձնարարել էր մշակել պիտակավորումը այլ ապրանքախմբերի վրա տարածելու հնարավորությունը, օրինակ՝ դեղամիջոցների, թեթեւ եւ սննդի արդյունաբերության արտադրանքի: Սակայն չէր հստակեցվել, թե հատկապես որ ապրանքները կդառնան էլեկտրոնային պիտակավորման նախագծին մասնակցության հաջորդ հավակնորդը: