Ինչպես հայտնի է՝ Ազգային Ժողովի նիստերի փոքր օրակարգում մինչ այսօր ընդգրկված է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի հարցը կարող է հայտնվել լիագումար նիստի օրակարգում։ Օրինագծի հեղինակներից Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրինագիծը արդեն 2 տարուց ավելի գտնվում է օրակարգում, սակայն որեւէ հույս չկա, որ նախագիծը քննարկման առարկա կդառնա առաջիկայում եւս։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝  կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը քաղաքական անհրաժեշտ կամք չեն դրսեւորում կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու համար, որը սկսվում է նաեւ պաշտոնական անձանց բավարար աշխատավարձեր տալով։

«Այլ կերպ ասած, ես որեւէ հնարավորություն չեմ տեսնում, որ այս նախագիծը կարող է քննարկման առարկա դառնալ լիագումար նիստում, եւ կարծում եմ, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը սա օգտագործելու է իր քաղաքական շոուների համար»,- ասաց Ա. Մինասյանը։