Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած շաբաթ բացահայտված խոշոր հանցախմբի այն անդամները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, պետք է դատապարտվեն Միացյալ Նահանգներում` ամերիկյան օրենսդրությամբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին հայտարարել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Հայկական կողմը առայժմ չի հրապարակում տվյալներ այն մասին, թե ձերբակալված շուրջ երեք տասնյակ հայերից քանիսն են Հայաստանի քաղաքացիներ:
«Եղած տվյալները վկայում են, որ նրանք մեծ տոկոս չեն կազմում», - նշել է Դանիելյանը` հավելելով. «Յուրաքանչյուր անձ դատապարտվում է այն երկրում, որտեղ ինքը հանցագործություն է կատարել»:
Գեւորգ Դանիելյանը նաեւ հստակեցրել է, որ Հայաստանը կարող էր հանցախմբի Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող անձանց քրեական հետապնդման ենթարկելու գործառույթները ստանձնել այն դեպքում, եթե նրանք ձերբակալվեին Հայաստանում:
«Այսինքն, եթե այդ անձինք լինեին Հայաստանի Հանրապետությունում, մենք պարտավոր չէինք իրենց հանձնել, կպահանջեինք գործի այն հատվածը, որը վերաբերում էր նրանց, եւ մենք կիրականացնեինք դատաքննություն», - պարզաբանել է արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն այս առթիվ պարզաբանել է, որ այս պարագայում Հայաստանը կարող է միայն օժանդակել գործի քննությանը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի տարածքում քննչական գործողություններ կատարելու, ԱՄՆ մասնագետներ գործուղելու, կամ այլ ձեւերով: Օրերս Հայաստանի գլխավոր դատախազությունը դեպքի բացահայտմանն օժանդակելու պատրաստակամություն էր հայտնել:
«Մենք դեռեւս որեւէ իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություն չենք ստացել», - նշել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:





























