Պեդրո Ագրամունտի` ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո ինձ կամ ելույթ չի հասնում, կամ ես այն ստանում եմ կյանքի գնով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգում ասաց ԵԽԽՎ պատվիրկության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հենց գրանցումը բացվում է անմիջապես գրանցվում եմ, սակայն ամեն անգամ կամ վերջում եմ ելույթ ունենում, կամ ես ստանում եմ այն կյանքի գնով: Պեդրո Ագրամունտը Հերմինե Նաղդալյանին ասել է, որ իմ լեքսիկոնն իրեն դուր չի գալիս, ավելին երբ ես ապրիլյան պատերազմում հայ զինվորներին մորթած ադրբեջանցի կենդանիներին նախորդ նստաշրջանի իմ ելույթում անվանեցի երկոտանիներ, պարզվում է` դա նորից վիրավորել է Ագրամունտի նուրբ զգացմունքները եւ նա պաշտոնական կայքում տեղադրված իմ ելույթից հանել է այդ հատվածը, թեեւ դրա իրավունքը չի ունեցել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հայ պատգամավորի խոսքով` Ագրամունտը կոպտորեն խախտում է ԵԽԽՎ կանոնակարգը եւ գրաքննության ենթարկում ներկաների ելույթները:
«Ես Ագրամունտի դեմ սկսում եմ հստակ իրավական գործընթաց` իմ հանդեպ կիրառված անօրինական գործողությունների, ինքնիրավչության վերաբերյալ: Ի դեպ, Պեդրո Ագրամունտը Ստրասբուրգում Հայաստանի դեսպանին երրորդ անձի միջոցով փոխանցել է, որ լրջագույն վերապահումներ ունի իմ անձի եւ իմ ելույթների, լեքսիկոնի նկատմամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ այսօր էլ Զոհրաբյանը պետք է ելույթ ունենար վերջինը, սակայն Հերմինե Նաղդալյանի ելույթից հետո վարման կարգով ելույթ խնդրեց եւ անդրադարձավ Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հանրաքվեին:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ




























